20 սեպտեմբերի 2016 - 16:50 AMT
Միչիգանի համալսարանում հայոց լեզու կդասավանդեն

2016-ի նոր ուսումնական տարուց Միչիգանի պետական հետազոտական ինստիտուտում (MSU) կսկսեն հայոց լեզու դասավանդել:

Ինչպես հայտնում է ամերիկյան The State News առցանց պարբերականը, հայոց լեզուն կընդգրկվի 29 օտար լեզուների ցանկում, որոնք առաջարկվում են համալսարանի ուսանողներին:

Հայոց լեզվի ուսուցման համար նախապատրաստվել է հատուկ ուսումնական ծրագիր, մշակվում են թեստերը, որոնք թույլ կտան գնահատել լեզվի իմացության մակարդակը, գրում է Նովոստի Արմենիան:

Հայոց լեզվի ուսուցումը մատչելի կլինի նաև առցանց ռեժիմով այն ուսանողների համար, որոնք նախընտրում են ուսման հեռավար ձևը:

Հայերենի և մեծ տարածում չունեցող այլ լեզուների դասավանդումը Միչիգանի համալսարանում ֆինանսավորվում է Mellon Foundation ամերիկյան կրթական հիմնադրամի կողմից: Նահանգի համալսարանում գտնում են, որ հայերենը մեծապես պահանջված կլինի, հատկապես հայկական ծագումով ամերիկացիների շրջանում:

Միչիգանի պետական համալսարանը ԱՄՆ առաջատար կրթական և գիտական կենտրոններից է, հիմնվել է 1817-ին Դետրոյթում, իսկ 20 տարի անց տեղափոխվել է Միչիգանի Էնն Արբոր քաղաք: Այն նահանգի ամենահին համալսարանն է: