ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:
Այդ մասին է հայտարարվել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, որի ընթացքում էլ ցուցադրվել են ձեռքբերված համակարգերը:
«Իսկանդերի» առավել հեռահար «Մ» մոդիֆիկացիայի համալիրները խոցում են թիրախները մինչև 500 կմ հեռավորության վրա, սակայն Հրթիռային տեխնոլոգիայի վերահսկման ռեժիմն արգելում է 300 կմ-ից ավել հեռահարությամբ հրթիռների արտահանումը:
Մատակարարված համալիրների քանակը չի նշվում: Ըստ «Վեդոմոստի» պարբերականի, հայկական կողմին է տրամադրվել «Իսկանդերի» մեկ դիվիզիոն:
Ըստ պարբերականի աղբյուրների, «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն գործարքի հետ չունի. զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին:
Ընդ որում, համակարգի մատակարարումը նախատեսված չէր նաև ՌԴ-ն ու Հայաստանի 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագրով, «Իսկանդերները» մատակարարվել են այլ պայմանագրով:
Ցուցադրվել են նաև հայկական բանակի այլ նորագույն ձեռքբերումներ, մասնավորապես՝ «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր, «Ինֆաունա» և Ռ325ՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: