21 սեպտեմբերի 2016 - 15:33 AMT
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Աջակցում ենք ՀՀ և իր հարևան երկրների համար խաղաղ ապագա կառուցելուն

ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ երկրի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

Սըր Ալան Դունկանն ասել է.

«Միացյալ Թագավորությունը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը հինավուրց պատմություն ունեցող երիտասարդ երկիր է: Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներ խթանելու և մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով:

Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն, Հայաստանի և իր հարևան երկրների համար խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելուն: Ես ուրախ եմ կառավարության անունից շնորհավորանքներ հղել հայ ժողովրդին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ»:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

Կարդացեք նաև՝ Շնորհավորանքներ Պուտինից, Օբամայից, Օլանդից, Սի Ծինփինից. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով