22 սեպտեմբերի 2016 - 11:34 AMT
Հարցում. Ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է փախստականների ներհոսքին

Ֆրանսիացիների կեսից ավելին` 57%-ը դեմ է, որ Ֆրանսիան ընդունի Եվրոպա եկած փախստականների իր բաժինը: Այդ են վկայում Elabe ընկերության կողմից BFM TV պատվերով իրականացված հարցման արդյունքները:

Այդ արդյունքը գործնականում անփոփոխ է մնացել 2015-ի սեպտեմբերին անցկացված նմանատիպ հարցման արդյունքների համեմատ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Բացի այդ, 10 ֆրանսիացիներից 8-ը (76%) հավանություն է տալիս Կալեում փախստականների տարերային առաջացած ճամբարի ոչնչացմանը:

Եվրոպան ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Ըստ Frontex գործակալության տվյալների, 2015-ին Եվրոպա է եկել 1,8 մլն ներգաղթյալ: