Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել վերջ տալ գողությանը:
Երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է էլեկտրոնային եղանակով ավիատոմսերի գնման համակարգը, վարչապետ Կարապետյանը հայտարարել է, որ ամեն անգամ բարդ եղանակներ են մշակվում պետական միջոցները խնայելու համար:
«Պրիմիտիվ գողությունը վերացրեք», - դիմելով կառավարությանը՝ ասել է վարչապետը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սկսվել են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները:Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին: