ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվել են:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մի շարք նախարարություններ վերանվանել, որոշների կառուցվածքում փոփոխություններ կատարել, որոշներն էլ՝ լուծարել:
«Վերանվանվում է էկոնոմիկայի նախարարությունը՝ ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս, և ենթադրվում է, որ կստեղծվի կոմիտեի տեսքով»,-ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ վերանվանելով էկոնոմիկայի նախարարությունը՝ գործարարներին ասվում է, որ իրենք ունեն մի օղակ, որտեղ իրենց դիտողություններն ու ցանկությունները կարող են հայտնել և նրանց աջակցելու համար կառավարությունը պետք է ունենա տնտեսական անալիզ:
Անդրադառնալով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում գյուղատնտեսության նախարարությանը պատկանող ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասել է, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ էֆեկտիվ ծախսերի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլ տեղափոխում ենք տրանսպորտի և կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջև, քանի որ հարևան երկրին մենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք ճարտարապետության և մշակութային պահպանման կոմիտե»:
Վարչապետը հավելել է, որ փոփոխություններն ինքը չի համարել ինքնանպատակ:
Նոր կառավարության կազմում կլինեն հետևյալ նախարարությունները՝
1) աշխատանքի և սոցիալական հարցերի
2) առողջապահության
3) արդարադատության
4) արտաքին գործերի
5) արտակարգ իրավիճակների
6) բնապահպանության
7) գյուղատնտեսության
8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)
9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
10) կրթության և գիտության
11) մշակույթի
12) պաշտպանության
13) սպորտի և երիտասարդության հարցերի
14) սփյուռքի
15) տարածքային կառավարման և զարգացման
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
17) ֆինանսների
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն
19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների:
Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:
Կարդացեք նաև՝Վարչապետը կոչ է արել վերջ տալ «պրիմիտիվ» գողությանը