Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն սեպտեմբերի 24-ին այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ
Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հանրապետական կլինիկական ծննդատուն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելել է ծննդատան նորածնային բաժին, ուր աղոթել է և օրհնել հոբելյանական այս օրերին ծնված մանուկներին, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ապա Հայրապետը զրուցել է երիտասարդ մայրերի հետ` նրանց բերելով իր օրհնությունն ու գնահատանքը: Կաթողիկոսը շնորհավորել է և իր օրհնությունն է փոխանցել նաև Մարիամ Թունյանին, ով ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերին քառյակ է լույս աշխարհ բերել:
Այնուհետև Ամենայն հայոց Կաթողիկոսը զրույցել է ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի, ծննդատան գլխավոր բշժկի և բուժանձնակազմի հետ: Կաթողիկոսը, կարևորելով բժշկի առաքելությունը, իր գնահատանքն է հայտնել ամենքին իրենց ազգօգուտ և նվիրյալ ծառայության համար:
Կաթողիկոսն այցեել է նաև Հանրապետական կլինիկական ծննդատան շրջափակում գտնվող մատուռ, ուր աղոթք է բարձրացրել Հայրենիքի անսասանության և նորածինների խաղաղ ու բարօր կյանքի համար: Այցի առիթով Նորին Սրբությունը մատուռին նվիրել է Ս. Աստվածածնի սրբանկար:
Նույն օրը Գարեգին Բ Կաթողիկոսն եղել է Էջմիածին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը:
Սեպտեմբերի 3-ին 27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ:Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա: Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի:
Իսկ սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը նույն բժշկական կենտրոնում եռյակ է ունեցել` երեք տղա։ Այս երեխաները նույնպես լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով` առանց արհեստական բեղմնավորման։