ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի:
Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը:
Բացի այդ, անհրաժեշտ է եղել անջատել կայանը, որը ջուր է հասցնում ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքի արևելյան հատվածներ:
Սեպտեմբերի 20-ին Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին:
Ըստ սիրիական հակակառավարական ակտիվիստների և Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, հարվածը հասցրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները:
Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է: