Deutsche Welle (DW) մեդիակորպորացիան Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Ակիֆ Չաղաթայ Ղըլիչի հետ հեռուստատեսային հարցազրույցի նյութերի առգրավումից հետո քաղաքացիական հայցով դիմել է Անկարայի դատարան:
Հարցազրույցը նկարահանվել է սեպտեմբերի 5-ին Conflict Zone ծրագրի համար, որի հաղորդավարն է Միշել Ֆրիդմանը: Նկարահանումից անմիջապես հետո նախարարության մամուլի քարտուղարն անսպասելի հայտարարել է, որ նախարարի հետ զրույցը հրապարակման ենթակա չէ և բոլոր նկարահանված նյութերն առգրավվել են:
Խմբագրությանը նյութը չի վերադարձվել սահմանված ժամկետում, որից հետո էլ DW-ն դատարան է դիմել, հայտնում է ՌԲԿ-ն:
Deutsche Welle-ն նշում է, որ Ղըլիչի հետ հարցազրույցում քննարկվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը և դրան հաջորդած զանգվածային ձերբակալությունները: Անդրադարձ է եղել նաև խոսքի ազատությանն ու կանանց վիճակին:
«Այդ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ: Մենք կոչ ենք անում թուրքական կողմին անհապաղ վերադարձնել մեր տեսանյութը»,-ասվում է մեդիակորպորացիայի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգի հաղորդագրության մեջ: