26 սեպտեմբերի 2016 - 14:43 AMT
ՀՅԴ խմբակցության քարտուղար. Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար

Արծվիկ Մինասյանը կշնանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում, իսկ ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իրենք վարչապետի հետ հանդիպել են և քննարկել այդ հարցերը:

«Մենք վարչապետի հետ քննարկել ենք առկա բոլոր հարցերը: Վարչապետի մոտեցումը հետևյալն է. նա նոր անվանումով նախարարությունում պատկերացնում է բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ կապ ունեցող անձ, և իր համար շատ կարևոր են տնտեսական ոլորտի բարեփոխումները»,- ասել է Վարդանյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, թե իրեն առաջարկվել է բնապահպանության նախարարարի պաշտոնը:«Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում», - ասել է նա՝ հավելելով. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու: Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել»:

Նա միաժամանակ նշել է, որ Կարապետյանը բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի գիտելիքները, և որևէ խնդիր չունի նրա հետ: Ընդհակառակը, ըստ նրա, վարչապետն ասել է, թե հասարակության մեջ եղել է թուրընկալում՝ կապված կառավարության առաջին նիստի հետ, ինքը բացարձակապես նման մտադրություն չի ունեցել, հակառակը, ափսոսում է դրա համար.

«Եվ ասել է՝ ես շատ եմ ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ և առաջարկություն է արել և Դաշնակցությանը, և պարոն Մինասյանին: Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը»,- ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ համար լիովին ընդունելի են վարչապետի այն մոտեցումներն ու փոփոխությունները, որոնք վերջինս մտադիր է կատարել տնտեսությունում:

Նրա խոսքերով՝ Արծվիկ Մինասյանի կարողությունները կբավականացնեն նաև բնապահպանության նախարարությունում աշխատելու համար:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, թե պետք է շեշտադրում դրվի՝ ինչ խնդիրներ են դրված նոր կառավարության առջև:

«Դա առաջին հերթին նշանակում է վճռական պայքար ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ, պայմանների ստեղծում նոր արտադրության հիմնման համար, սոցիալապես իրապես անապահով բնակչության համար իրենց ամենօրյա բեռի արմատական փոփոխություն և այլն»,- ընդգծել է Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ այս փուլում ՀՅԴ-ն տեսնում է վարչապետի վճռականությունը՝ այդ բոլոր երևույթների դեմ պայքարելու համար: «Կարողանալո՞ւ է; Հույս ունեմ, որ կարողանալու է»,- նշել է Վարդանյանը:

Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի պաշտոնից հեռանալու հարցին, ասել է, թե ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ երեք նախարարական պորտֆելից որոնք են տրվելու Դաշնակցությանը:

Կարդացեք նաև՝Բաղդասարյան. ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ նախարարական պորտֆելներից որոնք են տրվելու Դաշնակցությանը