Մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Ծրագրով նախատեսված է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ կառուցել գայլերի, արջերի, առյուծների ու թռչունների համար:
Գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում մոտ 6000 քմ-ով կավելանա այգու օգտագործելի տարածքը: Այն կլինի համապատասխան դիտահարթակներով, որպեսզի այցելուների համար համապատասխան հարմարություն ստեղծվի:
Մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող առյուծների ազատավանդակը կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ:
Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում նաև թռչունների ազատավանդակի հարցում: Կառուցվող նոր ազատավանդակը հնարավորություն կտա այցելուներին շփվելու թռչունների հետ:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում Երևանի կենդանաբանական այգին դարձավ լավագույնն ամբողջ տարածաշրջանում:
Պատասխանատուների հավաստմամբ երկրորդ փուլի աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, իսկ առաջիկա տարիներին այգում կիրականացվեն արդեն զարգացման տարբեր ծրագրեր: