Մոտ 40.000 իրաքցի զինվորական և քրդական կազմավորումների մարտիկ է մասնակցելու «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողությանը:
Ըստ պլանի, Մոսուլ ԻՊ գրոհայիններից ազատելու համար կգործեն տեղացի 15.000 զինվորական, որոնց վրա ներքին անվտանգության ապահովման խնդիր կդրվի: «Եվս 20-25.000 մարդ կմասնակցի Մոսուլի և արվարձանների ազատագրմանը»,-գրում է ՏԱՍՍ-ը Haber Turk-ի վրա հղումով:
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսուոլի ազատագրման գործողությունը հավանաբար հոկտեմբերի կեսին կսկսվի, որի անցկացման հարցերը քննարկվել են Անկարայում ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցություններում թուրքական իշխանությունների հետ:
Մոսուլի ազատագրմանը, որի բնակչությունը մոտ 2 մլն է, իրաքցի զինվորականների հետ միասին Քրդստանի հայրենասիրական միության կազմավորման մարտիկները կմասնակցեն:
Սակայն, ըստ պարբերականի, նրանք չեն մտնելու քաղաքի կենտրոն և չեն մասնակցելու այնտեղ մարտական գործողություններին:
Անկարան դեմ է, որ Իրանի ազդեցության տակ գտնվող իրաքցի շիաները մտնեն Մոսուլ: Բացի այդ թուրքերը մտահոգված են հնարավոր բախումներով շիաների և սունիների միջև Տելաֆեր շրջանում: Դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ բնակվող սունիների մեծ մասը սատարում է ԻՊ-ին:
Մոսուլն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է: 2014-ի ամռանից այն գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում: Մոսուլի ազատագրման գործողությունը վարում են քուրդ փեշմերգաները, Իրաքի բանակն ու շիաների ջոկատները: Զինվորականները շարունակում են պատրաստվել գրոհի: