Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ և 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ» ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016-ին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու և վճարումներ կատարելու:
«Ռոյալ Էլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն 2015-ին հարկային տեսչությունից ստացել է մոտ 1.2 միլիոն ակցիզային դրոշմանիշ, որոնց համար վճարել է մոտ 56 մլն դրամ ակցիզային հարկի կանխավճար. գույքագրմամբ ընկերությունում հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշների պակասորդ: Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ԱԱՀ և ակցիզային հարկի նվազագույն շեմի չափով, որը կազմել է մոտ 350 միլիոն դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 205-րդ հոդվածի 3-րդ մասերով և 209-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը որոշելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև՝60 մլն դրամի վնաս պետությանը. ՊԵԿ աշխատակցի մասնակցությամբ անօրինական գործողություն է բացահայտվել