3 հոկտեմբերի 2016 - 13:33 AMT
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ հետ Սիրիայի հարցով սուր տարաձայնությունների մասին

Մոսկվան և Վաշինգտոնը սուր հայեցակարգային «զատման» փուլում են սիրիական կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք գտնվում ենք սուր հայեցակարգային տարաձայնությունների փուլում նրանց հետ, ովքեր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի նմանությամբ, փորձում են խրատական զրույցներ վարել, դրա համար հիմք չունենալով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պարադոքսը հետևյալն է` նրանք մյուսներին են մեղադրում մի բանի համար, որը նրանք չեն գործել, և միաժամանակ տառապում են այն նպատակներին հասնելու անհնարինությունից, որոնք, ի վերջո, հավասար են այլ մարդկանց ողբերգությունների բազմապատկմանը»,-ասել է Ռյաբկովը` պատասխանելով Սիրիայի հարցում ՌԴ և ԱՄՆ համագործակցության մասին հարցին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ սիրիական կարգավորման շուրջ բանավեճի դադարեցման շեմին է: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել էր, որ Հալեպի գրոհը Սիրիայում զինված հակամարտության հետագա խորացման պատճառ կդառնա:

Սեպտեմբերի 19-ից Սիրիայում ավարտվեց հրադադարի ժամկետը: Ռուսական կողմը նշել է, որ այն կատարվում էր միայն Դամասկոսի կողմից, իսկ ընդդիմությունն ու տարբեր ահաբեկչական խմբավորումները օգտագործեցին այն ուժերի վերախմբավորման համար: Ընդ որում, Մոսկվան շեշտում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ըստ որի ընդդիմությունը պետք է զատվեր ահաբեկչական խմբավորումներից: