3 հոկտեմբերի 2016 - 16:16 AMT
Նախարար. Մենաշնորհների դեմ պայքարը կլինի նոր կառավարության օրակարգում

Մենաշնորհների դեմ պայքարը նոր կառավարութան օրակարգում է: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը:

«Դա միշտ ակտուալ է, սակայն ես կանդրադառնամ այդ թեմային մեկ ամսից, երբ նոր կառավարությունը ներկայացնի իր մոտեցումներն ու լուծումները»,-ասել է Կարայանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նա եղել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղակալը, որի անունը կապում են մենաշնորհների հետ` Կարայանը նշել է, որ եղել է ֆինանսների փոխնախարարը, ոչ թե Գագիկ Խաչատրյանի:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ տնտեսությունը վերականգնվելու շանս չունի առանց ստվերային հատվածի կրճատման: Ըստ նրա, փոփոխությունները հարկային օրենսդրությունում կամ այլ ոլորտներում չեն կարող լիովին վերականգնել տնտեսությունը և ապահովել նրա զարգացումը: