5 հոկտեմբերի 2016 - 16:18 AMT
«Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ

ՀՀ վարչապետը դեռևս չի պատասխանել անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու հետևանքով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով նրան դիմած Գյումրիի «Շիրակ կենտրոն»-ին:

«Շիրակ կենտրոնը» սեպտեմբերի 19-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվԳյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան:

Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով:

«Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չեմ ստացել՝ ոչ գրավոր, ոչ բանավոր: Դեռևս սպասելու ենք պատասխանի, քանի որ հնարավորություն չունենք վճարումները կատարելու», - PanARMENIAN.Net-ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Նրա խոսքով, չնայած դրան, կենտրոնը շարունակելու է իր գործունելությունը. «Շատ մարդ մեր օգնության կարիքն ունի, վերջերս երկու բնկարան ենք նվիրել, տնակներում ապրող ընտանիքների համար արդեն վառելափայտ ենք գնել: Թող դատական կարգով բռնագրավեն գույքը, քրգործ հարուցեն, սակայն միևնույն է մեր բարերարների գումարները չենք ցանկանում հարկերին ուղղել, այլ միայն բուն օգնությանը»:

Կարդացեք նաև՝ Գյումրեցի ևս մեկ անօթևան ընտանիք բնակարան է նվեր ստացել