17 մայիսի 2007 - 18:34 AMT
ՀՀ նախագահի խորհրդականն այլընտրանք չի տեսնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը 2008 թվականի ընտրություններում
Ազգային անվտանգության հարցով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը այսօրվա դրությամբ երկրի ղեկավարի պաշտոնում այլընտրանք չի տեսնում, բացի վարչապետ Սերժ Սարգսյանից: Գառնիկ Իսագուլյանը հիշեցրել է, որ դեռ մեկուկես տարի առաջ էր հայտարարում, որ Հայաստանի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը եւ այսօր էլ նույն կարծիքին է: Նրա գնահատականներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հավակնի այդ պաշտոնին, քանի որ Ծառուկյանը «նման ամբիցիաներ եւ նպատակներ չունի»: Խոսելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին` նախագահի խորհրդականը նշել է, որ տվյալ դեպքում ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես նրանք իրենց կդրսեւորեն նախընտրական շրջանում: Նա նկատել է, որ միավորման եւ միասնական թեկնածու ներկայացնելու դեպքում ընդդիմությունը որոշակի շանսեր ունի` հավելելով, որ այսօրվա դրությամբ նման միավորման որեւէ նախադրյալ չկա: Իսագուլյանի կարծիքով, ինչպես եւ խորհրդարանական ընտրություններում, այնպես եւ նախագահական ընտրություններում, ընդդիմությանը կխանգարեն միավորվել նրանց առաջնորդների ամբիցիաները: «Նրանք բոլորը քնում եւ երազում են, որ նախագահ կդառնան»,- գտնում է նա, հաղորդում է Regnum-ը:

Նշենք, որ 2008 թվականին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտնել են վարչապետ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Ազգային-Ժողովրդավարական Միության առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Ինչպես նաեւ, ըստ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ Արարտ Զուրաբյանի, այդ պաշտոնին հավակնում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը (Հայաստանի առաջին նախագահ):