6 հոկտեմբերի 2016 - 11:09 AMT
Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը. Հռոմի պապն ամփոփել է կովկասյան այցը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 5-ին անդրադարձել է օրերս Վրաստան և Ադրբեջան կատարած այցին և խոսել քրիստոնեական միասնության կարևորության մասին:

Tert.am-ը Վատիկանի ռադիոյին հղումով հայտնում է, որ, ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների առաջ, Հռոմի պապն իր երախտագիտությունն է հայտնել կովկասյան երկրներ այցելել կարողանալու համար:

Նա իր այցը նկարագրել է որպես հունիսին Հայաստան կատարած այցի լրացում և ասել, որ մարտահրավերների առաջ կանգնած Կովկասի երեք ժողովուրդներին այցելելով նա կարողացել է բոլոր մարդկանց ուղղորդել խաղաղության և եղբայրության ճանապարհով:

Հռոմի պապը նշել է, որ Կովկասի երեք երկրներ է այցելել՝ «հաստատելու համար, որ Կաթոլիկ եկեղեցին ապրում է նրանց մեջ և ուղղորդելու այս ժողովուրդներին դեպի խաղաղություն և եղբայրություն»:

Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է, որ դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ նա հույս է հայտնել, որ «կարող են գտնվել լավ լուծումներ դեռևս առկա խնդիրների համար և որ Կովկասի բոլոր ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի պայմաններում»:

«Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի պապը Հայաստան էր այցելել 2016 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին այցելել է Վրաստան և Ադրբեջան։