ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիան և Հայկական ճամբար ՀԿ-ն նախաձեռնում է Երևանում մատչելի վայրերի քարտեզագրման մափաթոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արամի 72 հասցեից:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ Երևանի մատչելի վայրերի քարտեզագրմանը, գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով matcheli vayrer բջջային հավելվածը: Սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են միանալ միջոցառմանը: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ:
Այս կերպ նախատեսվում է օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:
Քարտեզագրման մասնակիցների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղությունով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Քարտեզագրման ակտիվ մասնակիցներին սպասվում են նվերներ:
Matcheli Vayrer բջջային հավելվածը մշակվել է ՄԱԶԾ/Կոլբա լաբ լաբորատորիայում: Կոլբա լաբը նորարար գաղափարների ինկուբատոր է, որտեղ ինկուբացվում են սոցիալական խնդիրները լուծելու նորարար եղանակներ, փորձարկվում ծրագրերի մոդելներ/նախատիպեր, ծնվում են նոր գաղափարներ և ստեղծվում սոցիալական ստարտափեր: