6 հոկտեմբերի 2016 - 14:46 AMT
Թուրքիայում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտել

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել: Թուրքական Habertürk լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Մալքարայում գտնվող Հյուրրիյեթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է հայտնաբերվել:

Գրեթե 1.5 մետր մեծությամբ այս տապանաքարերի վրա հայերն գրություններ կան: Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ:

Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնված բոլոր հուշարձանները առայժմ կպահվեն տեղի մշակույթի պալատում: Ավելի ուշ, ըստ Բալջըի, գտնված բոլոր տապանաքարերը կհանձնվել հուշարձանների բարձրագույն խորհրդին կամ թանգարանների վարչությանը:

Հյուրրիյեթ պողոտայում աշխատող Նեջդեթ Թեքգյոզը նշել է, որ այդ վայրերում նախկինում հայեր և հույներ են ապրել: Նա նաև գոհունակություն է հայտնել, որ ՏԻՄ մարմիններն անհրաժեշտ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերեցին գտնված պատմամշակութային հուշարձանների նկատմամբ: