7 հոկտեմբերի 2016 - 17:08 AMT
ՀՀ-ում ցմահ դատավճիռների վերանայման հնարավորությունը կքննարկվի ԱՄՆ փորձագետների ներգրավմամբ

Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում ցմահ դատապարտյալների պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Աշխատանքները շարունակվում են թե՛ կեցության պայմանների, թե՛ տեսակցությունների առումով, այդ թվում նաև նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է որոշակիորեն բարձրացնել ցմահ դատապարտման տարիքը, որպեսզի, ասենք, դեռահասների շրջանում խնդիր չառաջանա»,- ասել է փոխնախարարը, գրում է Tert.am-ը:

Լրագրողների հարցին, թե ինչ է արվում բավարար հիմքեր ունենալու դեպքում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման առնչությամբ, նա տեղեկացրել է, որ մոտակա ժամանակահատվածում Միացյալ Նահանգներից Հայաստան են ժամանելու փորձագետներ հենց այս հարցով համատեղ աշխատելու համար:

«Գործերի վերանայումը մեկ այլ մեծ խնդիր է, որը բավականաչափ լուրջ քննարկման կարիք ունի: Այն դեռևս հետազոտությունների փուլում է: Կարող եմ ասել, որ կան գործող մեխանիզմներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ գործերի վերանայման համար: Չենք բացառում, որ միջազգային փորձից նույնպես գտնենք օրինակներ, որոնք կներկայացվեն քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբին: Չենք մերժում նաև հասարակական կազմակերպությունների կողմից արվող համագործակցության առաջարկները»,- նշել է Քրմոյանը:

Վերջին շրջանում ՀՀ-ում ցմահ դատապարտյալները մի քանի անգամ հացադուլ էին հայտարարել՝ գործերի վերանայման պահանջով: Սակայն դա չի իրականացվել: