Գյումրիում հոկտեմբերի 10-ին կայացել է ավագանու առաջին նիստը, որում «Բալասանյան» դաշինքի ավագանին միաձայն ու ծափահարություններով ընդունել է Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու որոշումը ու նրան հռչակել Գյումրու քաղաքապետ:
Tert.am-ը հաղորդում է, որ չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտել են նիստը, նիստը վարող Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ այն կայացած է, որովհետև առաջին նիստին ներկա է ավագանիների կեսից ավելին՝ 17-ը:
Բալասանյանը օրը պատմական է անվանել՝ ասելով, որ, իհարկե, լավ կլիներ, որ իրենց գործընկերները մասնակից լինեին, որովհետև «բոլորի ծրագրերում կային օգտակար դրույթներ Գյումրին շենացնելու համար»:
3 կուսակցության բոյկոտի պարագայում Գյումրու ավագանին առաջին նիստում հաստատել է նաև օրակարգը: «Գիտեք, որ քաղաքականացված է մարմինը, այսինքն՝ փոքր ԱԺ-ի պես պետք է մենք աշխատանք ծավալենք և լինելու են տարբեր խմբակցություններ, խմբակցության ղեկավար, քարտուղար»,- ասել է Բալասանյանը:
Գյումրու ավագանու առաջին նիստում ելույթ է ունեցել միայն Բալասանյանը:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 10-ին:
Ըստ Բալասանյանի՝ այդ ընթացքում ավագանու կանոնակարգը և բյուջեն կընդունեն:
«Ավելի լավ է, որ հիմա բոլոր խմբակցությունները միանան ու իրենց առաջարկությունները կատարեն: Բարի երթ Ձեզ»,-հայտարարել է Բալասանյանն ու դահլիճից հեռացել նվագախմբի հնչյունների ներքո:
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտելու են այդ նիստը և որպես բողոքի նշան հրաժարվելու են իրենց մանդատներից: «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մամուլում տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաև Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը:
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել թիվ 34 ԸԸՀ նիստ և Գյումրիի 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։