10 հոկտեմբերի 2016 - 18:27 AMT
Գառնիում կարասներ են հայտնաբերվել շինաշխատանքի ընթացքում

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Ծովիկ Պետրոսյանի Չարենցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սեփական տնամերձ հողամասում (գտնվում է Գառնու տաճարից 200 մ հյուսիս-արևելք) իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կարասներ են հայտնաբերվել: Հողամասի սեփականատերը փաստի մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ` Հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնին:

Օրերս ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանի ուղեկցությամբ նշված տարածք են այցելել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: Գտնված կարասներից երկուսը հնագետների հսկողությամբ տեղափոխվել են հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տեղափոխման ժամանակ հողաշերտի մեջ ևս մի քանի կարաս է նկատվել, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Տեղում կատարված նախնական ուսումնասիրության արդյունքում վերը նշված տարածքը կոնսերվացվել է և հանձնարարվել հողաշինարարական աշխատանքները դադարեցնել՝ մինչև հարցի վերաբերյալ լիազոր մարմնի համապատասխան որոշումը:

Գյուղատանտեսական կամ շինարարական աշխատանքների ընթացքում նման դեպքեր հաճախակի են արձանագրվում: Դրանց սահմանված կարգով ընթացք է տրվում:

Կարդացեք նաև՝ Արցախի Նոր Կարմիրավան գյուղում մարդակերպ կոթողների հայտնաբերումը կարևոր է քաղաքական առումով

Հայաստանի պեղվող գանձերը.Քարաշամբի դամբարանադաշտը (Ք.ա. XXIII-VII դդ.)