11 հոկտեմբերի 2016 - 16:29 AMT
ԶԼՄ-ներ. Չեղարկվել է Պուտինի այցը Փարիզ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այցը Փարիզ, որը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է աղբյուրը Ելիսեյան պալատում:

Այդպիսով Մոսկվան մերժել է Փարիզում միայն Սիրիայի հարցը քննարկելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը:

«Հոկտեմբերի 11-ի առավոտյան շփումներ եղան Մոսկվայի և Փարիզի միջև, որոնց նպատակն էր առաջարկել Պուտինին աշխատանքային այց Սիրիայի թեմայով` բացառելով այլ միջոցառումները, որոնք պետք է մասնակցեր նախագահ Օլանդը: Ի պատասխան ռուսական կողմը հայտարարել է, որ ցանկանում է հետաձգել այցը»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ շարունակվում է Փարիզ Պուտինի այցի նախապատրաստումը: Մինչ այդ հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը կասկած էր հայտնել, ասելով, թե այդ հանդիպումը կարող է օգտակար չլինել:

Հոկտեմբերի 8-ին ՌԴ-ն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ֆրանսիական բանաձևը ՄԱԿ-ում: