11 հոկտեմբերի 2016 - 17:08 AMT
Արցախում ևս 1 համայնքային կենտրոն է կառուցվում ֆրանսահայերի օժանդակությամբ

«Հայաստան» հիմնադրամը ևս մեկ համայնքային կենտրոն է կառուցում ֆրանսահայերի օժանդակությամբ Արցախի Տումի գյուղում (Հադրութի շրջան):

Համայնքային կենտրոնի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է Ֆրանսիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Կարևորելով համայնքային կենտրոնների դերակատարումը համայնքի կյանքում՝ վերջին երեք տարվա ընթացքում, այլ ծրագրերին զուգահեռ, ֆրանսահայերը հովանավորել են մեկ տասնյակից ավել կենտրոնների կառուցումն Արցախում:

«Ֆրանսահայ համայնքի կողմից կենտրոնների կառուցման շարունակական նախաձեռնությունը վկայում է, որ դրանք օգնում են առավել համակարգված լուծում տալ բնակիչների առօրյա խնդիրներին և դրական լիցք հաղորդում համայնքի կյանքին»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Երկհարկանի կառույցը մեկ հարկի տակ կկենտրոնացնի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասրահն ու համակարգչային սենյակը: 150 հանդիսատեսի համար կից կառուցվող դահլիճն էլ կծառայի համայնքի ամենատարբեր միջոցառումների անցկացմանը:

«Վերջապես կկարողանանք համայնքի հավաքներն անցկացնել տեղում՝ առանց գյուղից հեռանալու: Իսկ արդի պայմաններով բուժկետ ունենալը կրկնակի անհրաժեշտություն է մեզ համար, քանի որ գյուղը Հադրութից գտնվում է 31կմ հեռավորության վրա, և հաճախ անհրաժեշտ է լինում այստեղ ծնունդներ ընդունել»,- նշում է գյուղապետ Էդիկ Մոսիյանը:

768 բնակիչ ունեցող Տումիում Հիմնադրամը տարիներ առաջ նաև վերանորոգել է ջրամատակարարման ցանցը, կահավորել գյուղի դպրոցն ու տրամադրել մանկապարտեզի գույքի մի մասը:Տումին Արցախի հնագույն գյուղերից է: Այստեղ պահպանված են մի շարք պատմական և մշակութային կոթողներ, հուշարձանների մասունքներ:

Կարդացեք նաև՝ Գետավանում և Կոճողոտում համայնքային կենտրոններ են կառուցվում՝ ֆրանսահայերի օժանդակությամբ

Արցախում բացվել է Կարմիր շուկա համայնքային կենտրոնը. Աջակցել են ֆրանսահայերը

Մարտունու վերակառուցված մանկապարտեզը բացվել է. 150 երեխա է հաճախում