Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում (պատմական Այնթապ) ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 25 դասախոս:
Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու համար, թուրքական «Անադոլու» գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:
Գործողության ընթացքում պարզվել է, որ դասախոսներն օգտվել են գյուլենականների կողմից կիրառվող ByLock հեռախոսային հատուկ ծրագրից, որի միջոցով կարողանում էին լուրեր հաղորդել միմյանց:
Դասախոսների դեմ գործ է հարուցվել՝ ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով:
Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:
Անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանություններն արդեն ազատել են աշխատանքից կամ պաշտոններից մոտ 100.000 զինվորականների, ոստիկանների, ուսուցիչների: Մոտ 32.000-ը ձերբակալվել է պետական հեղաշրջմանը մեղսակցություն ունենալու մեղադրանքով: