12 հոկտեմբերի 2016 - 18:33 AMT
Հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես՝ Չեխիայի ազգային գրադարանում

2016-ի հոկտեմբերի 12-ին Չեխիայի ազգային գրադարանում բացվել է «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Ամստերդամում տպագրված Ոսկան Երևանցու առաջին հայալեզու Աստվածաշնչի 350-ամյակներին:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 75 ցուցանմուշ` հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականության նմուշների հայերեն տպագրություններ, հայ գրողների գործերը չեխերեն թարգմանությամբ: Կկայանա համատեղ հրատարակված ցուցահանդեսի ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը և կեզրափակվի Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով (դիրիժոր` Հայկ Ութիջյան): Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ: Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն դասախոսություններ տարբեր թեմաներով: