Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական հարձակում են կանխել երկրի հարավում` Ֆարս գավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին:
Նախարարությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք կապված են ծայրահեղական իսլամիստական «թաքֆիրիզմ» շարժման ահաբեկչական խմբերի հետ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը IRINN պետական հեռուստատեսության վրա հղումով:
Ալավին նշել է նաև, որ ահաբեկիչներից առգրավվել է առնվազն 100 կգ պայթուցիկ: Նախարարը մանրամասներ չի հայտնել ձերբակալվածների ինքնության և նրանց թիրախների մասին:
Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ները բազմիցս են նյութեր հրապարակել ծայրահեղական խմբերի հետ կապված ահաբեկիչների ձերբակալության մասին` մանրամասներ չներկայացնելով: Օգոստոսին հետախուզության նախարարությունը հայտնել էր, որ մի քանի ահաբեկիչ, կապված «Իսլամական պետության» հետ, վնասազերծվել է Իրանի սահմաններին: