Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների նոր միասնական ցուցակը, բաղկացած 94 անձից: Նրանց թվում 6 լրագրող և բլոգեր կա, 2 հրապարակախոս, 1 իրավապաշտպան, 5 երիտասարդ ակտիվիստ, քաղկուսակցությունների 5 անդամ, 61 հավատացյալ և 3 ցմահ դատապարտված, հայտնում է Contact.az-ը:
Ընդհանուր առմամբ ցանկում 139 մարդ է ընդգրկված: Նրանցից 45-ը պոտենցիալ քաղբանտարկյալներ են համարվում և ներառվել են «դիտարկման ենթակա անձերի» բաժնում:
Աշխատանքային խումբը նշում է, որ իրականում քաղբանտարկյալների քանակը շատ ավելին է: «Սակայն երկրում տիրող մթնոլորտը դրդում է շատերին ձեռնպահ մնալ նրանց գործերը բարձրաձայնելուց: Մեկ այլ խնդիր է իրավական չիրազեկվածությունն ու փաստաբանների պակասը: Հատկապես վատ է վիճակը շրջաններում, չկան իրավական պաշտպանության մեխանիզմներ»,-ասվում է աշխատանքային խմբի հաղորդագրության մեջ:
Ցուցակը կազմելիս հեղինակները ղեկավարվել են ԵԽԽՎ 1900 բանաձևի չափանիշներով:
2012-ի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ քաղբանտարկյալի 5 հատկանիշ է նշված` եթե ձերբակալության արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնական երաշխիքներից մեկը, եթե կալանավորման մասին որոշումը կայացվել է քաղաքական պատճառներով, եթե կալանքի ժամկետն անհամաչափ է հանցագործությանը, եթե քաղաքական պատճառներով մարդը ձերբակալվել է խտրականության հիման վրա, եթե կալանավորումն անարդար քննության հետևանք է, պայմանավորված քաղաքական դրդապատճառներով:
Նոր ցուցակը ստորագրել է ավելի քան 20 իրավապաշտպան, ՈԿԿ ղեկավարներ ու իրավաբաններ: