FX հեռուստացանցը, ոգեշնչվելով «Ամերիկյան հանցագործությունների պատմության» առաջին եթերաշրջանի հաջողությունից, որոշել է երկարացնել սերիալը մինչև 2018թ.:
Առաջին եթերաշրջանը նվիրված էր Օ. Ջեյ Սիմփսոնի գործին, որին մեղադրում էին կնոջ ու նրա սիրեկանի սպանության մեջ: Երկրորդ մասը կպատմի «Կատրինա» փոթորկի հետևանքների մասին:
Երրորդ եթերաշրջանը կկենտրոնանա Ջաննի Վերսաչեի սպանության վրա, գրում է «ԿինոՊոիսկը»:
Մոդելավորողին սպանած հանցագործն ինքնասպան եղավ հանցագործությունից 8 օր անց: Սցենարի համար հիմք է ծառայել Մորին Օրթի Vulgar Favors գիրքը: Առաջին երկու էպիզոդի տեքստը կգրի Թոմ Ռոբի Սմիթը: Պրոդյուսերները հիմա դերասանների ընտրություն են կատարում:
Երկրորդ և երրորդ եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան 2017-ի սկզբին և կընթանան զուգահեռ:
«Ամերիկյան հանցագործությունների պատմություն» անթոլոգիայի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի փետրվարին: Առաջին եթերաշրջանի մեկնարկային էպիզոդը դիտել է ավելի քան 5 մլն մարդ: Սեպտեմբերին նախագիծը «Էմմիի» 68-րդ մրցանակաբաշխության հաղթող դարձավ: Ակնկալվում է, որ ամեն տարի շոուն կպատմի ԱՄՆ պատմության մեջ ամենահայտնի հանցագործությունների մասին: