Հայաստանից դեղորայքի արտահանման ծավալը վերջին տարում աճել է 20-25%-ով: Այդ մասին հայտարարել է խորհրդարանում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է դեղորայքի 18 արտադրող, որից 3-ն արտահանման հավաստագիր ունի:
Նա նշել է սակայն, որ ներքին արտադրության հաշվին բավարարվում է տեղական շուկայի միայն 4 տոկոսը, մնացածը ներկրվում է:
«Չնայած դրան հայ արտադրողներն ակտիվ զբաղվում են արտահանման հարցերով, որտեղ ամենամյա աճը մոտ 18% է, իսկ 2015-ին այդ ցուցանիշը հասել է 25%-ի, ինչը մենք կապում ենք ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ»,-ասել է Խաչատրյանը:
Փոխնախարարը նշել է, որ այսօր հայ արտադրողը լայն հնարավորություններ ունի արտահանելու իր ապրանքը ոչ միայն ԵՏՄ շուկա, այլ նաև Մերձավոր Արևելքի և ԵՄ երկրներ:
Ըստ նրա, Հայաստանի արտահանման հնարավորությունները, որոնք համապատասխանում են եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև ԵՏՄ երկրներ արտահանելու արտոնությունները բավականին գրավիչ են դարձնում երկիրը պոտենցիալ ներդրողների համար: