19 հոկտեմբերի 2016 - 15:38 AMT
Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր են իրացվել

Մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր: Դա պարզվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով:

Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչդեռ թատրոնում նման երեկո ընդհանրապես նախատեսված չի եղել: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նշված գործողությունների հետևանքով տուժած և կեղծ տոմսեր գնած քաղաքացիներին Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Արաբկիրի քննչական բաժին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսերի իրացման փաստի մասին, որին վերաբերող քրեական գործը նույնպես քննվում է Արաբկիրի քննչական բաժնում: