Ազգային ժողովի արտահերթ նիստում 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախքան քվեարկությունը պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասել է. «Այդ փոփոխությունը, որ երեկ զիջումներով արվեց, իհարկե, կողմերի անձանական և քաղաքական մոտեցումներն են, որևէ բան չի թեթևացնում: Ընդամենը նշվում է դիտավորյալ: Հայեցակարգային մոտեցման կարգով կարող են մեկնաբանել ինչպես ցանկանան: Կոչ եմ անում դեմ քվեարկել, սա բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրովի ձև է», - մեջբերում է Panorama.am-ը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատել է. «Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար մեր հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելի: Ցանկանում եմ շնորհավորել՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար»:
Հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից ՀՀ-ում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստի ավարտին հայտնի է դարձել, որ ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվել է ԸՕ շուրջ համաձայնության փաստաթուղթը: