20 հոկտեմբերի 2016 - 14:03 AMT
Ֆինանսների նախարար. Կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում

Արտաբյուջեները հաստատվում են և կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային գործընթացում այլ ծախսերը: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկել` վերացնել պետական գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

«Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում: Այդ մասով մենք ունենք մշակած նոր օրենք, որն այդ ամբողջ գնումների գործընթացում կանոնակարգում կմտցնի, կբարձրացնի թափանցիկությունը, պատասխանատվությունը: Նույնը կտարածվի նաև արտաբյուջետային միջոցների վրա»,- ասել է նախարարը, մեջբերում է Aravot.am-ը:

Մի քանի օր առաջ առաջին նախագահը խոսել էր Հայաստանում դեֆոլտի վտանգի մասին: «Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,-ասել է Արամյանը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանին դեֆոլտի վտանգ չի սպառնում։