20 հոկտեմբերի 2016 - 16:54 AMT
Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հաճախում մոտ 40 դպրոցական

Արցախի ՏՏ կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում են արդեն մոտ 40 դպրոցական: Լաբորատորիան գործում է անվճար հիմքունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ:

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է ամռանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ:

ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ռոբոտաշինության խմբակներ են գործում նաև Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում, որտեղ էլ սովորում է մոտ 50 դպրոցական:

Հոկտեմբերի սկզբին «Արմաթ»ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում անցկացվող WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում«Կայուն զարգացման»(Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար իրականացվում է ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: