22 հոկտեմբերի 2016 - 12:02 AMT
Մինսկ թռչող «Բոինգին» ստիպել են Կիև վերադառնալ` սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել ՀՀ քաղաքացու պատճառով

Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն: Այդ մասին հայտնում է Tut.by գործակալությունն ավիաընկերության մամուլի ծառայության վրա հղումով:

Ինքնաթիռում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

«15: 36-ին Բելառուսի օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա օդանավի անձնակազմի հրամանատարը հրահանգ է ստացել կարգավարից անհապաղ օդանավակայան վերադառնալու պահանջով առանց պատճառների բացատրության: Հայտարարվել է նաև, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ: Անձնակազմը ենթարկվել է հրամանին և 15:37-ին ինքնաթիռը սկսկել է վայէջքը»,-հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է:

Վերալիցքավորվելով`16:37-ին В2−840 չվերթը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք է կատարել «Մինսկ» օդանավակայանում տեղի ժամանակով 17:33-ին:

Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով:

Ինչպես հայտնել է «Սեգոդնյա.ուա»-ն չվերթի ուղևորներից մեկի վրա հղումով, ինքնաթիռից իջեցվել է Մարտիրոսյան ազգանունով ուղևորը: «Մեզ բացատրեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է և նրան կասկածում են հանցագործություններ կատարելու մեջ»,-ասել է նա:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դա «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն է եղել:

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է ծախսերի հատուցում պահանջել: Ավիաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել ուղևորներից պատճառված անհարմարության համար: