24 հոկտեմբերի 2016 - 12:17 AMT
Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը դուրս է մնացել ընտրապայքարից

Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը պատգամավոր Բեթթինա Քուդլայի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ներկայացրել:

Թուրքական իշխանամետ Sabah թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Քուդլան միակ պատգամավորն էր, որ Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) հունիսի 2-ին քվեարկության դրված Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ էր քվեարկել:

Լեյպցիգ-Նորդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածության համար պայքարի առաջին փուլում Քուդլան զիջել է երկու մրցակիցներին՝ կուսակցության 126 պատվիրակներից ստանալով 36-ի ձայնը:

Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը պատվիրակները Քուդլային պատժում են ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելու համար: 2017 թվականին անցկացվելիք ընտրություններում կուսակցությունը Քուդլայի ընտրատարածքում առաջադրել է 48-ամյա Ջենս Լեհմանի թեկնածությունը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։