24 հոկտեմբերի 2016 - 13:25 AMT
ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ վերաբերյալ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով

Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագիրը ձախողվել է Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով, որը չէր ցանկանում տարածքներ զիջել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն, այժմ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Վյաչեսլավ Տրուբնիկովը, հայտնում է BaltNews.lv-ն:

«Ես 4 տարի մասնակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը քննարկում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: Դա շատ դժվար էր: Սակայն Ղարաբաղի մասով իմ օրոք դրական իրավիճակ էր: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում: 2000-ի ապրիլին մենք հանդիպեցինք Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթում»,-ասել է Տրուբնիկովը:

«Մենք գտել էինք բանաձևը. Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր կլիներ միջանցք ապահովել Ադրբեջանի համար դեպի հարավ, և Հայաստանից մինչև Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը…Նա սկզբում ոչ ոքի չէր ասում, իսկ երբ պատմեց իր մերձավոր պաշտոնյաներին, նրանք դեմ եղան. «Ինչպե՞ս, մեր տարածքից կտորներ ենք տալու»,-ասել է նա:

Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում: Քի Ուէսթից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց ձեռքբերված պայմանավորվածություններից: Համարվում է, որ Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը: