24 հոկտեմբերի 2016 - 13:50 AMT
Մալթայի միաբանության իշխանը՝ Սարգսյանին. Գործակցությունը կարևոր է փախստականների խնդիրների մասով

ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆեսթինգի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 22-ի երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

«Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ, և այն, վստահ եմ, մեզ հնարավորություն կտա մեր համագործակցությունն ակտիվացնելու:

Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակ ձևավորվել էին փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, և սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձևավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ»,-ողջույնի խոսքում ասել է Հանրապետության նախագահը:

Ֆրա Մեթյու Ֆեսթինգը կարևորել է իր պետական այցը Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու տեսանկյունից:

«Հատկապես կարևոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի և քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված և իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում: Դա հատկապես կարևոր է այն արտակարգ հիմնախնդիրների առումով, որոնց մենք այժմ հանդիպում ենք, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի, փախստականների խնդիրների, նրանց տեղաշարժերի: Կարծում եմ, այս համատեքստում խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք մշտապես շփվենք, տեսակետներ փոխանակենք և համադրենք մեր մոտեցումները:

Եվ հենց այդ պատճառով է, որ այս հարաբերություններն այդքան կարևոր են»,- Ֆեսթինգը:

Ավելի վաղ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսը նշել է, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը պատմության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել մարդկությանը և այսօր էլ շարունակում է իր օգտակարությունը բերել տարբեր ոլորտներում: Ընդգծվել է նաև, որ Հայ եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել Քույր եեղեցիների հետ, որոնք ներկայիս ևս շարունակում են զորանալ ու զարգանալ: