Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հոկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնանկության մասին: Ըստ հրամանագրի, քանի որ կոալիցիոն սկզբունքով ձևավորված մեծամասնության կարգավիճակը խորհրդարանում` «Ժոգորկու Կենեշում» չի ապահովվել, կառավարությունը պաշտոնաթող է համարվում:
Կառավարությունը ձևավորվել էր 2015-ի նոյեմբերի 2-ի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ղրղզստան», «Oնուգու-Պրոգրես», «Աթա մեքեն» կուսակցությունների խորհրդարանական խմբակությունների կոալիցիայի հիման վրա:
Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչ կառավարության նոր կազմի անդամների նշանակումը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:
Ղրղզստանի իշխող կոալիցիան լուծարվեց հոկտեմբերի 24-ին, երբ Ղրղզստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարեց իշխող մեծամասնության կազմից դուրս գալու մասին: Որպես պատճառ նշվել են տարաձայնությունները սահմանադրական բարեփոխման անցկացման հարցում: