26 հոկտեմբերի 2016 - 15:50 AMT
ԵՄ-ն հայտարարել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացման մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այդ ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ դիվանագիտական ակտիվություն է նկատվում»,-ասել է Զալբերը: Նա հավելել է, որ այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը: «Թեև բեկում դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է Զալբերը:

Ըստ նրա, հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան: Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը: