31 հոկտեմբերի 2016 - 12:04 AMT
ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ներկրելու փորձի մեղադրանքով

ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ապօրինաբար ներկրելու փորձ կատարելու մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է New York Daily News-ը:

52-ամյա Զավիկ Զարգարյանը Գլենդեյլից և 57-ամյա Վաչե Նաիրյանը Լեյքվյուից ձերբակալվել են հոկտեմբերի 26-ին` գործարք կատարելիս:

Խոսքը F-14, F-15, F-16 և F-18-ի համար նախատեսված պահեստամասերի Իրան տեղափոխելու մտադրության մասին է` նախատեսվում էր յուրաքանչյուր պահեստամասից 10-30 նմուշ առաքել Իրան $3.6 մլն ընդհանուր արժողությամբ:

Հանցավոր սխեմային մասնակից էր Զարգարյանի ZNC Engineering ընկերությունը, գործարքին մասնակցել է նաև Իրանի 2 քաղաքացի` Անրի Տեր-Մինասյանն ու Օրմուզ Նովրուզը, որոնք, հիմա, ինչպես ենթադրվում է, գտնվում են Իրանում:

Ըստ մեղադրական եզրակացության, Տեր-Մինասյանը կապ է հաստատել Զարգարյանի հետ Իրանից և խնդրել է աջակցել ամերիկյան առաքիչներից ռազմական ինքնաթիռների համար նախատեսված պահեստամասերի գնման հարցում:

Զարգարյանը փորձել է անհրաժեշտ մասերը գնել առաքողից, որն իրականում ԱՄՆ ազգային անվտանգության հատուկ գործակալ էր: Տեր-Մինասյանը եղել է ԱՄՆ` անձամբ Զարգարյանի և առաքիչի հետ հանդիպելու նպատակով:

Ձերբակալվածները չեն խոստովանել իրենց մեղքն ու ազատ են արձակվել գրավի դիմաց: Ինչպես հայտնում է քննությունը, լսումները նշանակված են դեկտեմբերի 20-ին: Եթե նրանց մեղքն ապացուցվի, Զարգարյանին սպառնում է մինչև 115 տարվա ազատազրկում և $4.8 մլն տուգանք, իսկ Նաիրյանին սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում և $3.8 մլն տուգանք: