Հայաստանում սուր շնչառական վարակների սրացում կա, սակայն սեզոնին համապատասխան է: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Մենք լուրջ շեմին չենք հասել, քանի որ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,- ասել է Ասոյանը:
Ըստ նրա` վարակների չտարածմանը նպաստում է նաև այն, որ այսօրվանից դպրոցականներն արձակուրդում են գտնվում, իսկ երեխաները վարակների ամենաշատ տարածողներն են:
«Այժմ գրիպանման սուր շնչառական վիրուս է տարածված, որի նախանշաններն են ջերմությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, հազը, որը շատ ուշ է անցնում: Հնարավոր չէ իրական թիվ ասել, թե քանի մարդ է հիվանդ, քանի որ շատերն ուղղակի չեն դիմում բժշկի:
Ուզում եմ բոլորին խորհուրդ տալ` եթե հիվանդ եք, մի' գնացեք աշխատանքի, իսկ գնալու դեպքում գոնե դիմակ կրեք: Ի դեպ, դիմակներն անհրաժեշտ է փոխել 8 ժամը մեկ: Մեկ` սուր շնչառական վիրուսով վարակված ուսանողը, օրինակ, կարող է 5-10 այլ ուսանողի վարակել»,- ասել է Ասոյանը, մեջբերում է Yerkir.am-ը:
Նա տեղեկացրել է նաև, որ օդակաթիլային վարակները շատ տարածված են խիտ բնակեցված վայրերում` քաղաքներում, իսկ գյուղերում վիրուսն ավելի քիչ է տարածվում: