31 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT
Սեբաստիայի հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել: Թուրքական HaberTürk լրատվականին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ արարողությանը մասնակցելու համար Զառա է ժամանել նաև 38 հոգուց բաղկացած պոլսահայերի խումբը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել այդ գերեզմանոցում հանգչող իրենց նախնիներին:

Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո ելույթ ունեցած հայր Զոհրապ Ջիվանյանը նշել է, որ գերեզմանոցում վերջին անգամ հուղարկավորություն էր կատարվել 1958-ին: Դրանից հետո այստեղ հոգեհանգստի կարգ այլևս չի կատարվել:

Զառայի հայկական գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ Սիվաս այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից: Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ գերեզմանատան տարածքում վերականգնողական աշխատանքներ են կատարվել: