1 նոյեմբերի 2016 - 18:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բելգիայի Սենատի նախագահ. Պետք է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունենք

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Սահակյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ և հույս հայտնել, որ Քրիստին Դըֆրենյի ջանքերի շնորհիվ Բելգիայի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, քանի որ մեր օրերում ևս, ցավալիորեն, շարունակվում է ցեղասպանությունների կրկնության վտանգը:

Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը կարևորել է երկու երկրի խորհրդարանականների միջև փորձի փոխանակումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Դըֆրենյը հիշեցրել է, որ Բելգիան եվրոպական երկրների շարքում առաջիններից էր, որ 1998 թ. Հայոց ցեղասպանությունը խստորեն դատապարտող և ճանաչող բանաձև ընդունեց:

Խոսելով 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին` նա ասել է, որ դա ընդամենը մի քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին և հավելել է, որ այն ամբողջական կդառնա Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմամբ: Նա հույս է հայտնել, որ իրենց շարունակական աշխատանքի շնորհիվ վերոնշյալ օրենքը կյանքի կկոչվի: Այս համատեքստում Քրիստին Դըֆրենյը ասել է. «Մենք պետք է ընդունենք ժխտումը դատապարտող օրենք, որպեսզի թույլ չտանք ժխտել Հայոց ցեղասպանությունը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ Դըֆրենյը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և նշել է, որ Բելգիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցային ճանապարհով և պատրաստ է այդ հարցում ունենալ իր ներդրումը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած գործունեության և միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:

Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են հայ-բելգիական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի:

Նույն օրը Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։

ՖՈՏՈՇԱՐՔ