2 նոյեմբերի 2016 - 15:31 AMT
Մոսկվայի միակ հայկական դպրոցը փակվելու եզրին է

Մոսկվայում գործող միակ պետական հայկական դպրոցը կարող է փակվել: Այդ մասին հայտնել է N1650 դպրոցի խորհրդի կառավարիչ Իրինա Ռուբանովան, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Հայկական N1650 դպրոցը հիմնվել է 1989-ին Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժվող երեխաները կարողանան շարունակել ուսումն իրենց սովոր պայմաններում:

Ռուբանովան ասել է, որ հայկական դպրոցը մտադիր են միացնել տեղի մոսկովյան դպրոցի հետ, ինչպես նաև պահանջում են ֆինանսավորում գտնել:

Ըստ նրա, դպրոցն արդեն դիմել է Ռուսաստանի հայերի միությանը և հայկական այլ կազմակերպություններին, բայց ապարդյուն:

«Դպրոցը բյուջետային է, պետական, երեխաներն այն հաճախում են անվճար: Հիմա մեզ մոտ նոր համակարգ է գործում` դպրոցը ֆինանսավորվում է կախված երեխաների թվից: Մեր դպրոցը 5-հարկանի շենք է Կրեմլի հարևանությամբ, ծախսերը շատ են, ուսուցիչներն այստեղ շատ են»,-ասել է Ռուբանովան:

Նա հավելել է նաև, որ ՀՀ կրթության նախարարությունն արել է հնարավորը` պատրաստակամություն հայտնելով դպրոցի բազայի վրա ապահովել Երևանի և Մոսկվայի միջև կրթական նախգծերի իրականացումը, մասնավորապես` ուսումնամեթոդական և կադրային ապահովման հարցերում:

Դպրոցի ճակատագիրը պետք է լուծվի մինչև 2017-ի հունվարի 1-ը: