3 նոյեմբերի 2016 - 15:59 AMT
Վարչապետ. Անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառողները պիտի տուգանվեն

Գործադիր մարմնի հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական է տվել: «Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ», - հայտարարել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը:

Նա տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ:

Վարչապետը նաև անհրաժեշտ է համարել ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին, նշելով նաև, որ արդեն հանձնարարել է սպորտի նախարարին կազակերպել քարոզ զանգվածային առողջ ապրելակերպի հետ կապված:

«Պետք է գիշերային ակումբներում զվարճանքի կենտրոններում մտցնել տարիքային սահմանափակում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները, այդ թվում, վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին: