«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հեռացել է Մոսուլից, որը գրոհում է իրաքյան բանակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
Ջոնսոնը Համայնքների պալատում ունեցած ելույթում ասել է, որ այդ մասին հայտնել են հատուկ ծառայությունները: Նախարարը դա «դաժան հեգնանք» է անվանել` ԻՊ առաջնորդն ինքը հեռացել է պաշարված քաղաքից, սակայն համացանցով հորդորում է մյուսներին մասնակցել Մոսուլի համար կռիվներին, գրում է BBC-ին:
Ջոնսոնն այդպես է մեկնաբանել ԻՊ տարածած ձայնագրությունը, որտեղ Ալ Բաղդադին սպառնում է Թուրքիային և կոչ է անում իր կողմնակիցներին պաշտպանել Մոսուլը: Ձայնագրության իսկությունը հաստատված չէ:
Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:
Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:
Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ` մասնակցում են Իրաքի զինվորականները, ոստիկաններն ու կամավորականները:
Ընթերցեք նաև. Իրաքի բանակը վերսկսել է Մոսուլի գրոհը