Ռուսաստանը չի կասեցնի բանակցային գործընթացն արևմտյան գործընկերների հետ, չնայած ստեղծված միջազգային իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք չենք դադարեցնի երկխոսությունն արևմտյան գործընկերների հետ: Ուստի, առաջինը, մենք հիանալի հասկանում ենք, որ աշխարահը սրանից շատ վատ իրավիճակներ է տեսել: Երկրորդը` նույնիսկ երբ աշխարհը նման իրավիճակում է հայտնվում, միևնույն է բանակցային գործընթացը միշտ շարունակվում է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան նաև հիշեցրել է ՌԴ ԱԳՆ բազմաթիվ հայտարարությունները`ՌԴ հանդեպ ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու հորդորով:
Նա նշել է, որ Ռուսաստանը ստիպված է արձագանքել նման հայտարարություններին, քանի որ «այսօրվա տեղեկատվական միջավայրը ենթադրում է, որ եթե դու չես պատասխանում, ապա չկաս տեղեկատվական դաշտում` ուստի գերակայում է այլ տեսակետը»:
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն դադարեցրեց մասնակցությունը ՌԴ հետ բանակցություններին Սիրիայի գծով: Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «ՌԴ-ն ու Դամասկոսը հրաժարվել են դիվանագիտությունից և ձգտում են սիրիական հակամարտության ռազմական հանգուցալուծման»: