7 հունիսի 2007 - 21:41 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որոշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փոխարեն
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները դրված են բանակցությունների սեղանին, եւ ես կարծում եմ, որ դրանք կարող են հիմք դառնալ հակամարտության կարգավորման սկզբունքների մշակման համար»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքերով, հիմնական սկզբունքներով կարելի է համաձայնության հասնել, եւ «այդ պատճառով մենք որոշ առումով լավատես ենք»: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է գնահատեն մեր առաջարկությունները եւ որոշեն, թե որ կետերին են նրանք համաձայն, որոնց` ոչ: Իսկ դա արդեն կախված չէ ՄԽ-ից»,- նշել է Ֆասիեն:

Նա նշել է, որ բանակցությունների «ճեղքումը» կկայանա այն ժամանակ, երբ նախագահներն սկսեն վստահել միմյանց եւ հանգեն հավասարակշռված եւ արդար որոշման: «Այդ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն խաղաղ համաձայնագրի մշակումը»,- ընդգծել է ֆրանսիացի միջնորդը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցային գործընթացին, ապա Բեռնար Ֆասիեն եւս մեկ անգամ կրկնեց, որ որքան շուտ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին, այնքան լավ: «Այժմ մենք ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք այդ հարցը: Սակայն մենք դեռ չենք հասել նրան, որպեսզի խոսենք համաձայնության մանրամասների մասին: Մենք հիմքն ենք նախապատրաստում, իսկ երբ կողմերը որոշում կընդունեն, ոչ ոք չգիտի, այդ թվում եւ Մինսկի խումբը»,- ասել է համանախագահը, հավելելով, որ հանդիպումները Արկադի Ղուկասյանի հետ անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի դիրքի եւ այլ հարցերի ճշտման համար: